Գնիշիկաձորի աշխարհագրություն և երկրաբանություն
04.09.2019
Գնիշիկաձորը կամ Գնիշիկի ձորը (Գինեշիկաձոր, Թմաձոր, Քթմաձոր) գտնվում է Արփա գետի ձախակողմյան վտակ Գնիշիկ գետի (Գինիշիկագետ, Ամաղու գետ) ավազանում: Վերջինս սկիզբ է առնում Վայքի լեռնաշղթայի հյուսիսային լանջերից (ավազանի ամենաբարձր կետը Հարսնասար լեռն է, ծովի մակերևույթից 2773 մ) և Արփային միանում ներկայիս Արենի գյուղից մոտ 1,5 կմ արևմուտք` իր ամենացածր նիշում (1006 մ) առաջացնելով խոր կիրճ: Գետի երկարությունը 16 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը` 65 քառ. կմ: Գնիշիկաձորի երկրաբանական զարգացումն սկսվում է վերին դևոնի դարաշրջանից (382-359 միլիոն տարի առաջ), երբ Պրոտոթետիս օվկիանոսի ջրերով ծածկված տարածքում տեղի էր ունենում կրաքարերի, ավազաքարերի, մերգելների ու քվարցիտների կուտակում: Այսօրվա Նորավանքի շրջակայքի հրաշալի տեսարանը ձևավորվել է պերմյան դարաշրջանում (299-259 միլիոն տարի առաջ) այստեղ կազմավորված ու լայն տարածում ստացած կարմրավուն երանգով բիտումային կրաքարերի և ավազաքարերի շնորհիվ: 176 միլիոն տարի հետո, վերին կավճի դարաշրջանում (83,6-66 միլիոն տարի առաջ), օվկիանոսի հատակում տեղի են ունեցել կրաքարերի, իսկ ափամերձ հատվածներում` կոնգլոմերատների զանգվածային կուտակումներ: Գնիշիկաձորի երկայնքով գտնվող կարստային քարայրները (Արենի-1, 2, Մագելանի և այլք) առաջացել են հենց այդ հասակի ապարներում: Կիրճում գերակշռող պալեոգենի հասակի (ստորին-միջին էոցեն, 56-41,2 միլիոն տարի առաջ) հրաբխային-նստվածքային և նստվածքային (կրաքարային) ծագման ապարները նրա եզրային մասերում նստած են վերին կավճի կրաքարերի ու կոնգլոմերատների, տեղ-տեղ նաև պերմի հասակի ապարների վրա: Էրոզիոն և կարստային գործընթացները կիրճում սկիզբ են առել հետպալեոգենյան ժամանակաշրջանում, երբ տեկտոնական ակտիվության հետևանքով արևելք-արևմուտք և հակադարձ ուղղություններով տեղի են ունեցել նստվածքային ապարների բարձրացում ու ծալքավորում: Ձևավորված անտիկլինալային ծալքի առանցքը փաստագրվում է Գնիշիկաձորի ողջ երկայնքով` հյուսիսից դեպի հարավ: Կիրճն առաջացել է ծալքավորումից հետո` անտիկլինալի բեկոտված առանցքի երկայնքով տեղի ունեցած և առ այսօր շարունակվող էրոզիոն գործընթացների արդյունքում (մոտ 20-15 միլիոն տարի առաջ): Ակտիվ էրոզիայի հետևանք են նաև վերը նշված կարստային քարայրները: Գնիշիկաձորի գեղատեսիլ կիրճը հարուստ է բնության հուշարձաններով և աղբյուրներով, որոնք հնագույն ժամանակներից օգտագործվել են կենցաղային ու տնտեսական նպատակներով` հատկապես խաղողի ընդարձակ այգիները ոռոգելու համար:
(9 Նկար)